ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված մեթոդական ձեռնարկի շնորհանդես

Ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված մեթոդական ձեռնարկի շնորհանդես
01.11.2014 | 16:51

«Երկրապահ» կամավորականների միությունում այսօր տեղի է ունեցել «Հանրակրթական դպրոցներում 2014-15 ուստարում «Պատանի երկրապահ» ակումբի ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց» մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Երկրապահ» կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը:

Նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով ձեռնարկի ստեղծումը, նշել է, որ երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է սկսվի դպրոցներից. «Հատկապես մեր նորագույն պատմության մեջ շատ կարևոր է պատշաճ կերպով փոխանցել Արցախյան գոյամարտի, ազգային ազատագրական շարժման պատմությունը մեր մատաղ սերնդին: Ռազմական դոկտրինի մեջ ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է, որովհետև եթե մեկ ընդհանուր գաղափարի ներքո չեն համախմբված բոլորը, մանավանդ երիտասարդները, ապա այն պատշաճ մակարդակով չի կարող իրականացվել: Ուզում եմ շեշտել, որ այս տարիների ընթացքում հատկապես պատանի և երիտասարդ երկրապահների ակումբների ստեղծումը բավականին լուրջ մակարդակի է դրված: Համոզված եմ, որ այս ձեռնարկը ներդնելով մեր կրթական համակարգում` ավելի լուրջ հաջողությունների կհասնենք, առավել համակարգված կիրականացնենք ռազմահայրենասիրական դաստիարակությունը կրթօջախներում»,- նշել է Ս. Օհանյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` ժամանակակից կրթությունը շատ արագ է զարգանում: «Կրթությունը միայն ուսումնական գործընթացը չէ. նրա բաղկացուցիչ, իսկ մեր ազգի համար նաև ճակատագրական մաս է կազմում դաստիարակությունը: Անարժեք կիրթ մարդը նույնքան վտանգավոր է պետության համար, որքան այլ բացասական հատկանիշներով օժտված անձը: Դաստիարակության նպատակներից մեկը քաղաքացի ձևավորելն է, իսկ հայ քաղաքացին նա է, ով առաջին հերթին հայ է, հետո` նոր քաղաքացի: Ժամանակակից հայ կերտելու համար հայ լինելն ավելի կարևոր է, քան ժամանակակից: Մեր դպրոցը լինելու է ազգային»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ ռազմահայրենասիրական խնդիրները կրթական համակարգում արդիականացման, վերանայման և առավել համակարգված գործունեության կարիք ունեն: «ՊՆ-ի և այլ գերատեսչությունների հետ մեր նախարարությունն ամենամյա ռազմավարական ծրագիր է իրականացնում` ուղղված պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Դրան զուգահեռ` հսկայական փորձ է կուտակել «Երկրապահ» կամավորականների միությունը` իր ակումբների գործունեությամբ և մեթոդաբանությամբ: Դպրոցներում այս ամենը համակարգելու, նորանկախ Հայաստանում մանկապատանեկան կազմակերպությունների հետագա ստեղծման և համակարգման առումով այս ձեռնարկը լավագույն միջոցներից մեկը կլինի»,- նշել է Ա. Աշոտյանը` իր երախտագիտությունը հայտնելով ՀՀ ՊՆ-ին և «Երկրապահ» կամավորականների միությանը` կրթական համակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և իրենց օրինակով երիտասարդների մեջ հայրենասիրական ոգի սերմանելու ու տարածելու գործում աջակցության համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ» կամավորականների միություն» ՀԿ-ի միջև կնքվել էր փոխըմբռնման հուշագիր` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ ստեղծելու և նրանց արդյունավետ գործունեությանն օժանդակելու վերաբերյալ: Վերոնշյալ մեթոդական ձեռնարկը ստեղծվել է այդ հուշագրի շրջանակում:

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ